ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Վրացիներն ամեն գնով ցանկանում էին իրենց ձեռքում պահել Բաթում քաղաքն ու նավահանգիստը, հայերը` Կարս քաղաքն ու ամրոցը

Առաջին Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի անտիպ հուշերից (Հատված Ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Հարությունյանի նոր գրքից)

… Համաժողովի առաջին հենց օրը նշանավորվեց մեծագույն կարևորության երկու իրադարձություններով. 1918թ. փետրվարի 27-ին թուրքական զորքերը գրավեցին Էրզրումը, իսկ փետրվարի 28-ին վերջնականորեն ստորագրվեց Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, ըստ որի Կարսը, Բաթումը և Արդահանը անցնում էին Թուրքիային: Նման պայմաններում էր սկսվում մեր համաժողովը: Էրզրումի գրավումը Տրապիզոնում ողջունվեց հրավառությամբ, իսկ մեզ տեղեկացրեցին չափազանց զգուշաբար, ուղարկելով պաշտոնական գործակալական իրազեկում:

Որպեսզի դիվանագիտական տեսանկյունից ավելի պարզորոշ պատկերացնեք մեր համաժողովի ընթացքը, անհրաժեշտ է վաղօրոք իմանալ, որ Տրապիզոնի համաժողովի ամբողջ ընթացքում / փետրվարի 27-ից մինչև ապրիլի 1-ը, այն է` 34 օր/ թուրքերը մշտապես մոտենում էին Կովկասի սահմաններին, իսկ մենք նահանջում էինք: Համաժողովի սկզբին հայկական զորքերի տեղաբաշխումը հետևյալն էր. Բաթումն ու Ճորոխի հովիտը զբաղեցնում էր վրացական կորպուսը: Էրզինջանի ուղղությամբ` Էրզինջանի գունդը, Էրզրումում`Էրզրումի գունդը և 1-ին ու 4-րդ գնդի զորամասերը: Կարսում` երեք գունդ: Խնուսից մինչև Վան`2-րդ հայկական գունդը և ևս երկու գունդ` Վանի և Խնուսի: Վանից դեպի հարավ` հինգերորդ հայկական գունդը և 1-ին, 2-րդ և 4-րդ գումարտակները, Վանից դեպի արևելք` Մակվի գունդը: Բացի դրանցից` Անդրանիկի հատուկ դիվիզիան, Սեպուհի, Մուրադի, Տեր-Ղևոնդյանի, Թորգոմի, Պանդուխտի և այլոց ջոկատներով: Էրիվանում կանգնած էր գեներալ Սիլիկյանի դիվիզիան, Ալեքսանդրապոլում` գեներալ Արեշևի դիվիզիան և գնդապետ Կորգանովի հեծյալ բրիգադը: Գլխավոր զորակայանը և գեներալ Նազարբեկովը` Թիֆլիսում: Բաքվում` տեղի պահակազորը և 10.000 զինվորական հայ և ռուս, որոնցից 8.000-ը` հայ: Պարսկաստանում կանգնած էին գեներալ Աղա Պետրոսի և պատրիարք Մարղշիմուքի ասորական զորամասերը և Ստեփանյանի հայկական գումարտակը:

 

Թուրք-գերմանական ընդհանուր ծրագիրը հետևյալն էր. գրավել Բաթում-Բաքու գիծը, տիրանալ Բաքվի նավթային միջոցներին, զորքեր տեղափոխել Թուրքեստան և այնտեղից սպառնալ Անգլիային: Իսկ թուրքերն էլ իրենց հերթին շարժվում էին դեպի Ալեքսանդրապոլ, որպեսզի այնտեղից էլ շաժվեն դեպի Բաքու, այնտեղից անցնեն Պարսկաստան և հետո` ավելի հարավ, մինչև Բաղդադ և այնտեղ նեղեն անգլիացիներին: Հասկանալի էր, որ Կովկասը դառնում էր ամբողջ գործողության կենտրոնը: Գերմանական զորքերի գլխավոր հրամանատար գեներալ Հինդենբուրգի գլխավոր շտաբի պետ գեներալ Լյուդենդորֆը պատերազմի մասին իր գրքում նշում է, որ հայերի հերոսական դիմադրությունը խիստ բացասաբար է ազդել այդ ծրագրի իրականացմանը: Հայերի դիմադրության պատճառով ուշացումով էր իրականացվում վառոդի և բենզինը ստացումը Բաքվից, ինչն իր հերթին խափանում էր ավտոմոբիլների սպասարկումն ու շահագործումը:

 

Գերմանացիները 1918թ. ամռան սկզբներին Կովկաս ուղարկելու համար կենտրոնացրել էին մոտ 15.000 զորք: Իսկ Կովկասի համար նախատեսված թուրքական զորքերը կազմում էին 30.000 և համալրված էին պաղեստինյան ռազմաճակատի լավագույն զորամիավորումներով: Այդ լավ զինված և կազմակերպված զորաբանակը կրում էր “Իսլամի Կովկասյան Բանակ” անվանումը: Այստեղ բախվեցին երկու ռազմական դպրոց` կովկասյանը, ավելի ճիշտ` հայկականը, և թուրքականը:

Էրզրումը թողնելուց հետո հայկական բանակը նահանջեց դեպի Սարիղամիշ, որն արդեն գտնվում էր բուն Անդրկովկասի տարածքում: Հայերի կողմից վարած տասնմեկօրյա դիմադրողական մարտերը հնարավորություն տվեցին, որպեսզի Թիֆլիսից թարմ ուժեր հասնեն ռազմաճակատ, բայցևայնպես, մարտի 23-ին թուրքերը գրավեցին Սարիղամիշը: Հայերը, նահանջելով, հրդեհեցին քաղաքը, պահեստները և շարժվեցին դեպի Կարս: Իսկ այդ ընթացքում իր նիստերն էր գումարում Տրապիզոնի համաժողովը: Մենք միտումնավոր ենք զուգահեռաբար բերում ամսաթվերը Տրապիզոնի համաժողովից և ռազմաճակատային իրադարձություններից, որպեսզի պարզ լինի, թե որչափ դժվար էր համաժողովում պահանջներ ներկայացնել և պաշտպանել դրանք, երբ մեր զինուժը նահանջում է, իսկ հակառակորդը շարժվում ու շարժվում է առաջ, գրավելով ամրոցներ և քաղաքներ: Եվ ես դա զգում ու գիտակցում էի պարզ իրականության մեջ և այդ ամենը արտացոլվում էր նաև մեր նիստերի ընթացքի վրա: Նման իրավիճակում ես հետագայում հայտնվել եմ ևս երկու անգամ. նույն, 1918թ. մայիսին, Բաթումում և 1920թ. նոյեմբերին` Ալեքսանդրապոլում:

Թուրքերն, իհարկե, իրենց հաջողությունները ուռճացնում ու չափազանցում էին, չափազանց հանդիսավոր հայտնում դրանց մասին և դրանով ոգևորում էին բանակը: Այդ պայմաններում մեկնարկեց Տրապիզոնի համաժողովը:

Ես չեմ մտադրվել քայլ առ քայլ պատմել այստեղ այդ համաժողովի բոլոր անակնկալների ու բարդություններ մասին,- մեծ թվով թղթեր մեր կողմից, մեծ քանակությամբ թղթեր գրվեցին թուրքերի կողմից: Դրանցում շարադրվածը, իհարկե, շատ հետաքրքիր կլիներ, քանզի դրանք կցուցադրեին, թե ինչպես էինք մենք ձգտում հասնել մեր պահանջների իրականացմանը և ինչպես ամեն անգամ թուրքերը մերժում էին, որպես այդ մերժման հիմնավորում բերելով Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը: Որպեսզի, համենայնդեպս, ընթերցողը կարողանա հետևել մեր բանակցությունների ընթացքին, ես այստեղ կներկայացնեմ այն պաշտոնական զեկույցը, որը մեր պատվիրակությունը ներկայացրել է Սեյմին նրանից հետո, երբ բանակցություններն ընդհատվելուց հետո մենք վերադարձանք Թիֆլիս, և սկսվեց արդեն պատերազմը Թուրքիայի և Անդրկովկասի միջև:

Ես կաշխատեմ, հիմք ընդունելով զուտ անձնական տպավորությունները, լուսաբանել մեր բանակցությունների հիմնական պահերը: Համաժողովի առաջին օրը Ռաուֆ-բեյն արտասանեց մի ծաղկազարդ ճառ: Նա ֆրանսերեն չի խոսում, մի քիչ խոսում է գերմաներեն և լավ` անգլերեն: Նրա մեջ տեսնում ես ուժեղ կամք և հզոր ներուժ ունեցող մի անձնավորության: Իր հետ ունեցած զրույցներից նկատելի է, որ Թուրքիայի ապագայի առումով ինքը մեծ նշանակություն է տալիս Թուրքիայի և Անգլիայի մերձեցմանը: Ինքը Սուխումի ծնունդ է, չերկես է և հետաքրքրվում է իր ցեղակիցների դրությամբ Թուրքիայում և Կովկասում: Բալկանյան պատերազմի ժամանակ նրա հածանավը իր մարտարշավներով ու անսպասելի հարձակումներով սարսափ էր սփռում հակառակորդի վրա: Րաուֆ-բեյը անձամբ էր կազմել այդ հածանավի գծագրերը և, ինչպես ինքը ինձ պատմեց, անձամբ էր գնացել Անգլիա այդ ռազմանավը բերելու: Կովկասյան պատվիրակությանն ուղղված իր ճառում Ռաուֆ-բեյն ասեց, որ արևելքում ծագում է նոր աստղ` դա Անդրկովկասյան պետությունն է, որն ինքը ողջունում է, և, միաժամանակ, ողջունում է նաև “օտարված զավակների վերադարձը իրենց հարազատ մոր գիրկը”: Օտարված զավակների վերադարձ ասելով պետք է հասկացվեր Կարսի, Բաթումի և Արդահանի միացնելը Թուրքիային:

Ռաուֆ-բեյն առաջարկում էր ներգաղթած 300.000 թուրքահայերին հավերժ թողնել Անդրկովկասի սահմաններում, իսկ նույն քանակով` 300.000 թաթարներ Անդրկովկասից վերաբնակեցնել Թուրքիա: Մենք կտրականապես դեմ էինք արտահայտվում այդ նախագծին, քանզի այն ուներ երկու խիստ բացասական կողմեր. նախ զրկում էր մեզ Արևմտյան Հայաստանը պահանջելու որևիցե հիմքերից, քանի որ այդ պարագայում այտեղ այլևս, առհասարակ, հայ չէր մնում, իսկ երկրորդն էլ, այդ նախագիծը թրքացնում էր հայկական վիլայեթները և ընդմիշտ փոխում էր տարածքների բնույթը, դարձնելով դրանք մաքուր մահմեդական տարծքներ: Ուստիև, այդ նախագծի մասին մենք, առհասարակ,  չէինք ցանկանում լսել և խոսել: Ի դեպ այն օրերից անցել յոթ տարի և այսօր, համենայնդեպս, այդ ծրագիրն իրագործված է տարերայնորեն` Թուրքիան կարողացավ իր կամքը փաթաթել հայերի և Եվրոպայի վզին: Երկրորդ նախագիծը չափազանց մշուշոտ էր. երբ ես և Քաջազնունին փորձում էինք պարզել մեր համար Թուրքիայում հայերի  հնարավոր ինքնավարության բնույթը, Ռաուֆ-բեյը դուրս չէր գալիս ընդհանուր խոսքերի շրջանակներից: Նա այդ եղանակով, պարզապես, ցանկանում էր այդ հարցը  հանել բանակցությունների հարթության օրակարգից և դարձնել այն զուտ Թուրքիայի համար ներքին հարց: Այս օրվա դրությամբ թուրքերը կարողացան իրականացնել նաև իրենց այդ նպատակը. այսօր /ես այս տողերը գրում եմ 1925թ./ թուրքերը ստորագրել են Լոզանի պայմանագիրը, որտեղ բացակայում է “հայ”, “Հայաստան” բառերի հիշատակումը և թուրքերի անթիվ հայտարարություններից Եվրոպան իմացավ և, ասես, հաշտվեց թուրքական այն դրույթի հետ, որ “հայկական հարց Թուրքիայում չկա”, որ “Օսմանյան հայազգի քաղաքացիների հարցը” բացառապես ներքին թուրքական հարց է: Այնպես որ, ոչ պաշտոնական նիստերի ժամանակ, և ոչ էլ անձնական զրույցների ընթացքում ինձ չէր հաջողվում հող գտնել Թուրքիայում հայկական հարցի լուծման համար: Իսկ ինչ վերաբերում է Անդրկովկասի անկախության հարցին, ապա թուրքերի դիրքորոշումն այստեղ չափազանց պարզ էր. նրանք ներշնչում էին մեզ Անդրկովկասյան Հանրապետության անկախությունը հայտարարելու միտքը, փնտրում ու սպասում էին այդ անկախությանը:

Ռաուֆ-բեյի ելույթը “օտարված զավակների մոր գիրկը” վերադառնալու վերաբերյալ մեզ, ճիշտն ասած, շփոթեցրեց: Սակայն մենք անդրդվելի մնում էինք մեր դիրքերի վրա: Եվ մարտի 7-ի մեր հռչակագրում մենք այդ մասին նույնիսկ հայտարարեցինք թուրքերին: Մեր ունեցած զրույցներից` թե պաշտոնական, թե ոչ պաշտոնական, պարզ էր դառնում, որ թուրքերն իրենց համար դրել են երկու նպատակ. առաջինը` ի կատարում Բրեստ-Լիտովսկի պայմանագրի, Թուրքիային միացնել Կարսը, Բաթումը, Արդահանը, և երկրորդը` անկախ Անդրկովկասյան պետության միջոցով, որը պետք է անջատվի Ռուսաստանից թե փաստացի, թե իրավաբանորեն, մի պատնեշ ստեղծել Թուրքիայի և Ռուսաստանի միջև: Այդ նպատակի իրագործման եղանակն էլ դա ռազմական հարձակումն էր և ուժի միջոցով վիճելի տարածքների բռնազավթումը: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայում հայկական հարցին, ապա այդ խնդրի վերաբերյալ թուրքերը որոշակի ծրագիր չունեին: Նրանց արջև հայկական հարցը կանգնած էր իր պատմական համատեքստում. Անցյալում նա զբաղեցնում էր եվրոպական հասարակական կարծիքը, իսկ այժմ` մոտ 300.000 հայ փախստականներ Թուրքիայից կերտրոնացված էին Էրիվանի նահանգի սահմաններում և Կովկասի տարբեր շրջաններում: Այդ զանգվածի նկատմամբ անհրաժեշտ էր ինչ որ քայլեր ձեռնարկել: Իրենք դա զգում էին:

Թուրքական պատվիրակության քարտուղարը ֆրանսերենին գերազանց տիրապետող 35-ին մոտ մի շատ ընդունակ մարդ էր, անունը` Համի-բեյ: Կոստանդնոպոլսի իրավաբանական դպրոցի միջազգային իրավունքի պրոֆեսոր` ինչպես ինքն էր իրեն ներկայացնում: Իր հետ ունեցած բազմաթիվ անձնական զրույցներից ինձ համար պարզ էին դարձել թուրքական պատվիրակության տրամադրությունները. Համի-բեյը շատ մտերիմ էր Ռաուֆ-բեյի հետ և վերջինիս հանձնարարությամբ հաճախակի էր գալիս ինձ և մեր քարտուղար գեներալ Թումանովի մոտ հատուկ հայկական հարցի շուրջ զրուցելու նպատակով: Ռաուֆ-բեյի և Համի-բեյի հետ զրույցներից ես եկա այն եզրակացության, որ իրենց մոտ առկա էր Թուրքիայում հայկական հարցի լուծման երկու նախագիծ. Բնակչության փոխանակում Թուրքիայի և Անդրկովկասի միջև, կամ տեղական ինքնակառավարման նման մի բան Ալաշկերտի, Վանի և Խնուսի շրջաններում` առանց Մուշի, Բիթլիսի և Էրզրումի: Բնականաբար` միայն ու միայն Թուրքիայի բացարձակ ինքնիշխանության ներքո:

Բացի դրանից, որքան համառորեն մենք մերժում էինք Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, մատնանշելով Անդրկովկասի համար “Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված պայմանգրի” ոչ պարտադիր լինելը, թուրքերն առավել համառությամբ պնդում էին, որ Անդկովկասը դեռևս չի հռչակել ին անկախությունը Ռուսաստանից: Կամաց-կամաց, մարտի վերջերին, այդ պայմանը ձևակերպվեց արդեն որպես թուրքական կողմի պահանջ: Հակառակ պարագայում թուրքերը հրաժարվում էին շարունակել բանակցությունները: Անդրադառնալով մեր տարածքային զիջումներին, համաժողովի ընթացքում մենք սկսեցինք հասկանալ, որ մենք անհրաժեշտորեն պետք է թուրքերին զիջենք որոշ տարածքներ նաև բուն Անդրկովկասից: Երբ ամբողջ պատվիրակությունը համաձայնվեց, որ նման զիջումներն անխուսափելի են, պատվիրակության տարբեր խմբավորումների միջև սկսվեց խուլ պայքար այն հարցի շուրջ, թե հատկապես որ տարածքները զիջել: Վրացիներն ակնհայտորեն չէին ցանկանում ինչ-որ մի հատված զիջել Բաթումի մարզից, հայերը` Կարսի մարզից: Վրացիները ամեն գնով ցանկանում էին իրենց ձեռքում պահել Բաթում քաղաքն ու նավահանգիստը, հայերը` Կարս քաղաքն ու ամրոցը: Դրանք էին անդրկովկասյան կողմի հիմնական ցանկությունները: Ավելին`մեր կենսական շահերը: Այդ զիջումների պահանջով թուրքերը պարզապեզ պատառոտում էին հայերի և վրացիների կենդանի մարմինը: Թաթարներն իրենց չեզոք էին պահում` բացառությամբ ”Հումիեթի” (սոցիալ-դեմոկրատ մենշևիկ մահմեդականներ) մի անդամի, ով բացահայտորեն հայերի և վրացիների կողմն էր: Նրա ազգանունը Շեյխուլիսլամով է, նա այժմ Փարիզում է, թաթար սոցիալ-դեմոկրատների պատվիրակն է  2-րդ Ինտերնացիոնալում: Սակայն ինքը աննշան ազդեցություն ուներ իր միջավայրում:

Աղբյուր՝ lragir.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
1908,երիտթուրքական-հեղափոխություն,արևմտահայություն,բազմահազարանոց-ցույցեր,հայությունը-երիտթուրքերի-ցույցերում,ազատություն-հավասարություն-եղբայրություն , Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
Հայությունը՝ Երիտթուրքերի ցույցերում
1908 թվականի Երիտթուրքական հեղափոխության օրերին արևմտահայությունը մասնակցում էր բազմահազարանոց ցույցերին «ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսներով:
1919-1920,հայաստան,երևան,բաթումի,բաթումի-նավահանգիստ,թուրք-թաթար-թալանչիներ,բրիտանացի-զինվորների-վերահսկողության-տակ-գտնվող-զր,ամերիկյան-և-բրիտանական-մարդասիրական-օգնություն,բաթում-երևան-կյանքի-երկաթգիծը , 1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
1919-1920 թթ. Բաթում-Երևան «Կյանքի երկաթգիծը»
«Ազատության պաշտպան» զրահագնացքի բրիտանական զինվորական անձնակազմը, Երևան, 1920 թ.
ամն,թուրքիայի-դաշնակից-ամն,եվրոպական-մեծ-տերություններ,թուրքիա,խորհրդային-միություն,հայոց-ցեղասպանություն,երկրորդ-աշխարհամարտ,հայկական-հարց,արևմտյան-հայաստանի-վերադարձի-ծրագիր,վահրամ-հովյան , Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում է Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը
Եվրոպական մեծ տերությունները և Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ն տապալում են Արևմտյան Հայաստանի վերադարձի ծրագիրը։ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում կային որոշակի կնճիռներ։ Այդ համատեքստում 2021-ին ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, թեև գործնականում մեծ հաշվով դա ոչինչ չի տալիս Հայկական հարցին։
հայ-ադրբեջանական,կոնֆերանս․,բաքու,1919-ի,դեկտեմբերի,14 , Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Հայ-ադրբեջանական կոնֆերանս․ Բաքու, 1919-ի դեկտեմբերի 14
Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական կոնֆերանսին կմասնակցեն Ֆաթալի Խան Խոյսկին, Մամեդ Հասան Հաջինսկին և Մամեդ Ռզա Վեքիլովը։
հայերը,թուրքիան,ռուսաստանը,եւ,արեւմուտքը.,հայացք,1891,թվականից , Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Հայերը, Թուրքիան, Ռուսաստանը եւ Արեւմուտքը. հայացք 1891 թվականից
Ներկայացնում ենք 1891 թվականի ապրիլին ամերիկյան The Atlantic Monthly ամսագրում հրապարակված Սեմյուել Գրին Ուիլեր Բենջամինի The Armenians and the Porte հոդվածի հայերեն թարգմանությունը:
ալեքսանդր-սոլժենիցինի-նոբելյան-պատմությունը,գրականության-նոբելյան-մրցանակ,շվեդիա,խսհմ,խսհմ-գերագույն-խորհուրդ,ստալինյան-ճամբարներ,հայրենիքից-բռնի-աքսոր,ռուս-ականավոր-մտածող-և-գրող,ալեքսանդր-սոլժենիցին , Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Ալեքսանդր Սոլժենիցինի նոբելյան պատմությունը
Խորհրդային Միությունում Սոլժենիցինին Նոբելյան մրցանակ շնորհելը ռումբի պայթյունի էֆեկտ ունեցավ։ Շատերն անկեղծորեն ուրախացան ռուս վառ և ազնիվ գրողի համաշխարհային ճանաչման համար: Սակայն իշխանությունները և պաշտոնական գրական հանրությունը թշնամաբար են ընդունել Շվեդիայի ակադեմիայի որոշումը։ ԽՄԿԿ Կենտկոմը Նոբելյան մրցանակակրին վարկաբեկելու մի ամբողջ ծրագիր էր մշակել։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: